Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ոչ մեկին դուր չի գալիս

Ինչո՞ւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ոչ մեկին դուր չի գալիս
26.07.2017 | 09:57

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի համար դժվար օրեր են՝ նրա վարկանիշը սրընթաց ընկնում է, մեծանում է անվստահությունը, որ նա ունակ է առաջնորդ լինել: Վերջին հարցումներով՝ աջակցությունը վարչապետին հասել է 30 %-ի: Այս շաբաթ նա պետք է պատասխանի խորհրդարանի պատգամավորների հարցերին: Աբեին մեղադրում են, որ օգտագործել է իր ազդեցությունը հին ընկերոջն օգնելու համար: Վարչապետը հայտարարում է, որ մեղավոր չէ, բայց մշտապես հնչող մեղադրանքները կարող են բացասաբար ազդել նրա ապագայի վրա: Սա նրա կարիերայի առաջին ճգնաժամը չէ: 2006-2007-ի կարճ վարչապետությունից հետո նա 2012-ին վերադարձավ՝ խոստանալով Ճապոնիայի տնտեսությունը դուրս բերել բազմամյա ստագնացիայից: Սպասվում էր, որ նա նոր ժամկետի կգնա 2018-ին և կդառնա ամենաերկար պաշտոնավարած հետպատերազմյան վարչապետը: Վարկանիշի անկումը ոչ միայն սկանդալների հետ է կապվում, այլև՝ Աբեի սկանդալները հաղթահարելու միջոցների: Մեղադրանքները, որ հիմա ներկայացվում են նրան և հասցրել են խորհրդարանական լսումների, կապված են հովանավորչության հետ:

Քննադատները պնդում են, որ Աբեն օգտագործել է ծառայողական դիրքը, որ օգնի ընկերոջը մասնավոր կենդանաբուժության դպրոց բացելու թույլտվություն ստանալ: Մեղադրանքները գերազանցապես հիմնված են կրթության նախարարության նախկին պաշտոնյայի ցուցմունքների վրա: Նա պատմել է, որ թույլտվությունը տրվել է վարչապետի օգնականի ճնշման տակ: Արտոնագիրը հակասում է իշխանությունների ընդհանուր դիրքորոշմանը, որ պնդում են՝ նման դպրոցներ ընդհանրապես պետք չեն: Վերջին 50 տարիներին Ճապոնիայում ոչ մի նման արտոնագիր չի տրվել: Մեղադրանքների հետ Սինձո Աբեն առաջին անգամ չի բախվում: Մարտին մասնավոր տարրական դպրոցներից մեկը հողակտոր է ձեռք բերել կասկածելի ցածր գնով: Նախկինում այդ դպրոցը քննադատվել էր ուլտրահայրենասիրական ուսումնական ծրագրի համար, որ հակասում էր երկրում պատերազմից հետո ընդունված ազգայնականությունից հեռուն գնացող շարժմանը: Աբեին սկսեցին մեղադրել, երբ պարզեցին, որ նրա կինը դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Դպրոցի տնօրենը ցուցմունք տվեց, որ տիկին Աբեն մեծ նվիրատվություն է արել դպրոցին նախագահի անունից: Սկանդալը տարածվեց, վարչապետի վարկանիշը սկսեց ընկնել, չնայած վարչապետը հայտարարում էր, որ վատ ոչինչ չի արել: Վարչապետի որոշ նախաձեռնություններ նյարդայնացնում են: Երբ 2015-ին Ճապոնիայի կառավարությունը անցկացրեց պաշտպանական քաղաքականության փոփոխությունը, Աբեի վարկանիշը հասավ ռեկորդային ցածր 37 %-ի: Բարեփոխումները թույլ էին տալիս ինքնապաշտպանական ուժեր ուղարկել արտասահմանում ռազմական գործողությունների մասնակցելու՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ: Դա հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված պացիֆիստական նորմերին, որ իրավաբանական արգելք է դնում ռազմական կոնֆլիկտներին Ճապոնիայի մասնակցության վրա:


Ճապոնիայի Սահմանադրությունն ընդհանրապես արգելում է բանակի տեղծումը՝ պաշտոնապես ճապոնական Ինքնապաշտպանության ուժերը ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական կազմակերպություն են: Այդ պատճառով Աբեի մտադրությունը 2020-ին փոխել փաստաթուղթը՝ ներառելով բանակի լեգիտիմացման դրույթ, կտրուկ քննադատություն հարուցեց: Այս տարի, չնայած ընդդիմության դիմադրությանը, ուժի մեջ մտավ նոր հակաահաբեկչական օրենքը: Օրենքի հակառակորդները կարծում են, որ օրենքի օգնությամբ կարելի է սահմանափակել քաղաքացիական ազատությունները: Կրակի վրա յուղ լցրեց պաշտպանության նախարար Տոմոմի Ինադայի շուրջ սկանդալը, նրան անվանում են վարչապետի հովանավորյալ և մեղադրում են Հարավային Սուդանում խաղաղարար առաքելություն իրականացրած ճապոնացի զինվորներին վերաբերող մանրամասների փաստաթղթերը թաքցնելու մեջ: Եվ կառավարությունը, և նախարարը հայտարարում են, որ այդ տվյալները ոչ ոք չի թաքցրել: Բայց քննադատները միջադեպը համարում են ևս մեկ ապացույց իշխանությունների և քաղաքացիների հարաբերություններում անբավարար թափանցիկության:


Սպասվում է, որ խորհրդարանական լսումներում Սինձո Աբեն հերքելու է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները: Նա արդեն հայտարարել է, որ չի հրահանգնել ընկերոջը ինչ-որ արտոնություններ տալ և պնդում է, որ նա չի էլ խնդրել իր համար արտոնյալ վիճակ:
Անձնական վարկանիշի անկման պատճառով Աբեին մեղադրում են և նրա կուսակցության ձախողման մեջ Տոկիոյի ու Սենդայի տեղական ընտրություններում: Հուլիսին «Իոմիուրի սիմբունը» գրում էր, որ կառավարությունը չի կարող վերադարձնել բնակչության վստահությունը, «եթե չհաղթահարի մեծամտությունը»: Ճապոնական ԶԼՄ-ները գուշակում են՝ կազդի՞ ստեղծված իրավիճակը Աբեի երրորդ ժամկետի գնալու շանսերի վրա: Ճնշումը վարչապետի վրա այնքան ուժեղ է, որ նա արդեն հայտարարել է կառավարության կազմում լուրջ փոփոխությունների մտադրության մասին: Հենց այս ամռանը: Ցանկացած փոփոխություն ուսումնասիրվելու է առավելագույնս մանրակրկիտ:
BBC


Հ.Գ. Ինչ հրաշալի են, չէ՞, ճապոնացիները: Ինչ «հզոր» մեղադրանքներ են վարչապետին ներկայացնում՝ պաշտոնն օգտագործել է ընկերոջը ինչ-որ արտոնագիր տալու համար, կինը իր անունից ինչ-որ դպրոցի նվիրատվություն է արել, պաշտպանության նախարարը փաստաթղթեր է թաքցրել, ահաբեկչության դեմ օրենք են ընդունել, որը վտանգում է քաղաքացիական ազատությունները, ուզում է՝ Ճապոնիան բանակ ունենա: ՈՒ վարչապետը պատրաստվում է կառավարություն փոխել: Սամուրայների երկրում մեզ համար ինչքան անհասկանալի բարքեր կան, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ նրանք մեր մասին ինչ կմտածեին: Սինձո Աբեն, իհարկե, երրորդ ժամկետի ցանկություն ունի, բայց ճապոնացիները կարող են նրան չընտրել: Իսկ գլխավոր պատճառը, թերևս, սկանդալները չեն, այլ՝ տնտեսությունը ստագնացիայից դուրս բերելու դանդաղող տեմպերը: Ահա որտեղ Հայաստանն ու Ճապոնիան հայտնվում են նույն հարթության մեջ՝ դժվար տարի է լինելու 2018-ը երկու երկրների վարչապետների ու կառավարությունների համար: Փաստորեն՝ Ճապոնիայի պես երկիր ենք դարձել: Ինչ-որ չափով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ